Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության
ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի
ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց
հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն
անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր
կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության
վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն
ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝
պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի
դրսևորումներով և այլն։
Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և
օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է
իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել
իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել
քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս
առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների
իրավունքները երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային
խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման
մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը
սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով
դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։
Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է
գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել
խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական
ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։
