Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված
Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել
ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ
կազմված փաստաթղթերը։
Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական
հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի
անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն
ապահովելու համար։
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի
ապահովման հետ կապված հարցերը:
Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և
առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ
պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական
օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման
իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու
արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել
կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես
խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման
իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող
է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն
անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ
մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել
քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել
այլ համակարգային խնդիրներ։
Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ
անձանց` նրանց իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով:
