Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր եւ միամտություն կլիներ հույսեր ունենալ դրա առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքին։
«Նախաքննության ընթացքը հենց դա էլ ցույց տվեց, որ վարույթն իրականացնող մարմինը միտված էր ձեռք բերել բացառապես մեղադրական բնույթի «ապացույցներ» եւ այդպես էլ եղավ։ Ըստ էության, այդ փաստական տվյալները ակնհայտ է, որ շինծու են, մտացածին են եւ գործում առկա այլ օբյեկտիվ աղբյուրից ստացած տեղեկությունների հետ ոչ միայն չեն հաստատվում, այլեւ որոշակի չափով հերքվում են։ Աղվան Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ նախաքննության ընթացքն էլ գնահատում է ոչ օբյեկտիվ եւ իր նկատմամբ իրականացվող քննությունը ուղղորդված է դիտարկում»,– ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանին ՀՔԾ–ն նախ մեղադրանք էր առաջադրելխարդախության հոդվածով, ապա վատնման դրդչության հոդվածով։
«Մենք 8 ամիս ասում ենք, որ ի թիվս այլնի, խարդախության հոդվածով առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Փաստորեն, 8 ամիս մենք ճիշտ էինք, որ խարդախության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի տվյալ պարագայում վարույթն իրականացնող մարմինը այդ դրվագով քրեական հետապնդումը ոչ թե դադարեցրեց, այլ իրենց ապօրինի գործելաոճը արդարացնելու համար հիմա էլ ասում են, որ փաստական հանգամանքները մեկ այլ հանցագործության հատկանիշներին են համապատասխանում, խարդախություն չի, այլ վատնման դրդչություն է, բայց վատնման դրդչություն չկա։ Դատարանում փակագծերը կբացեմ եւ կհամոզվեն, որ տվյալ պարագայում վատնման դրդչության հանցակազմը բացակայում է»,– նշեց փաստաբանը։
Հարցին, թե հնարավո՞ր է դատախազությունը չհաստատի նախաքննության ավարտը, Էրիկ Ալեքսանյանն ասաց.
«Որեւէ բան չեմ բացառում, չեմ կարող ասել՝ կհաստատի՞ մեղադրական եզրակացությունը, թե՞ ոչ, բաց այստեղ ոչ միայն մեղադրական եզրակացությունը հաստատելու հիմք չկա, այլ առհասարակ քրեական հետապնդում իրականացնելու եւ շարունակելու որեւէ հիմք չկա։ Տրամաբանությունը հուշում է, իսկ իրավական ողջամտություն էլ պահանջում է, որ այս փաստական հանգամանքներն ունեցող քրեական գործը դեռ նախաքննության փուլում պետք է չապրեր»։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորված է 2021թ.սեպտեմբերից։