Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել
հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման
պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց
հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։
Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների
աշխատանքային պայմաններին:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն
վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն
իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ
այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման
համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային
պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ
քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության
շրջանակներում:

Ինչպես ազատությունից զրկված անձանց հարազատների, այնպես էլ քրեակատարողական
ծառայողների աշխատանքային պայմանների տեսանկյունից կարևոր է
քրդակատարողական հիմնարկներ տանող ճանապարհների բարվոք վիճակն ու հանրային
տրանսպորտի հասանելիությունը: Այս առումով առկա են խնդիրներ, որոնց իրավասու
մարմինները պետք է ցուցաբերեն պատշաճ ուշադրություն:
Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր Մարդու
իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:

Spread the love