Կարևոր է թույլ չտալ խաթարել քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու բանակցությունների մնացած հնարավորությունները։ Կոչ ենք անում, որ այդ հանգամանքը լիովին հաշվի առնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ Հարձակումները դառնում են ավելի ու ավելի դաժան և ավերիչ՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական թիրախները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանց թվում՝ ԱԷՄԳ-ի պաշտպանության տակ գտնվող միջուկային օբյեկտները։ Հատկապես մտահոգիչ են «Բուշեր» ատոմակայանի վրա աճող անխոհեմ հարձակումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի և Եվրասիայի հարակից մասերի վրա։
Զինված բախումն արդեն խլել է հազարավոր անմեղ մարդկանց, կանանց և երեխաների կյանքեր և հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում լայնածավալ տառապանքների։ Ոչնչացվում են դպրոցներ, հիվանդանոցներ և համաշխարհային մշակութային ժառանգության վայրեր։ Թիրախավորվում են դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունները, ինչը հակասում է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներին և Վիեննայի համապատասխան կոնվենցիաների դրույթների կոպիտ խախտում է։
Հսկայական վնաս է հասցվել համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգությանը։ Կարևորագույն լոգիստիկ երթուղիները, որոնք անխափան գործում էին ամերիկա-իսրայելական հանցավոր արկածախնդրության նախօրեին, փակվել են։ Շուկաներն անկազմակերպ են, շատ երկրներ ստիպված են լինում ռացիոնալացնել վառելիքը, իսկ փորձագետներն…» անբարենպաստ տնտեսություններում տնտեսական անկման և անկանխատեսելի գնաճի մասին սարսափելի կանխատեսումներ են անում։
Վաշինգտոնի և Թել Ավիվի անօրինական և անպատասխանատու գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն սրընթաց կերպով վատթարանում է և սպառնում է լիովին դուրս գալ վերահսկողությունից։
Կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ողջունում ենք մի շարք երկրների, դրանց թվում՝ Պակիստանի, Թուրքիայի և Չինաստանի ջանքերը՝ Իրանի շուրջ լարվածությունը թուլացնելու համար՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով։ Ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ապրիլի 2-ի հայտարարությանը, որում Միացյալ Նահանգներին և Իսրայելին կոչ է արվում դադարեցնել պատերազմը, որը հսկայական մարդկային տառապանքներ և սարսափելի տնտեսական հետևանքներ է առաջացնում, իսկ Իրանին այս ագրեսիայից հետո դադարեցնել հարևանների վրա հարձակումները։
Ելնում ենք նրանից, որ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորությունները պահպանվում են։ Կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների, անընդունելի վիրավորանքների և վերջնագրերի լեզվից և խուսափեն գործողություններից, որոնք կարող են ամբողջ տարածաշրջանը ներքաշել անդառնալի քաոսի մեջ։
Միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է կանխեն Մերձավոր Արևելքի գահավիժումը համընդհանուր պատերազմի անդունդ՝ ամբողջ աշխարհի համար երկարաժամկետ ողբերգական հետևանքներով։ Ռուսաստանի Դաշնությունը, իր միջազգային գործընկերների հետ միասին, պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
