Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա
կապակցությամբ։
Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․
այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ,
կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային
բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։
Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով
ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով
այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝
ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:
Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու
մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի
զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու
ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։
Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր
գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա
վառ ապացույցներն են իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի
ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ
ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման
լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու
որոշումները: Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն
հեռանկարների խոստումով:
Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով
ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության
դրամական խրախուսման ծրագրով միայն 2025 թ. հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային
հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի
փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների
մասնակցության համար:
Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր
մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝
նոր սցենարներով ու ֆիլմերով։
Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։
