Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի
մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025
թվականի տարեկան զեկույցը։
2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: 2025 թվականին
ստացված դիմումների և բողոքների ընդհանուր թիվը 22655 է, ինչը շուրջ 2 900-ով ավելի է 2024 թվականին
ստացված դիմում-բողոքների ընդհանուր թվից։ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ
մասնակի է կատարվել համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 72 տոկոսը, իսկ կանխարգելման ազգային
մեխանիզմի շրջանակում՝ 68.4 տոկոսը։ Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688
գործով Պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առանձին խնդիրների։
Այդ համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում անդրադարձ է
կատարվել մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքին և այդ ոլորտում առկա խնդիրներին։
Քրեական արդարադատության ոլորտում Պաշտպանն ընդգծել է մարդու իրավունքների երաշխիքների ապահովման հետ
կապված խնդիրները՝ հատկապես անդրադառնալով անմեղության կանխավարկածի և կալանքի կիրառման պրակտիկայի
համատեքստում առկա հարցերին՝ նշելով, որ ոլորտում շարունակում են առկա մնալ համակարգային խնդիրներ։

Որպես հատուկ խնդիր՝ Պաշտպանն անդրադարձել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա
խնդիրներին, անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի առումով առկա հարցերին, գործադուլի իրավունքի
իրացման առնչությամբ առկա խնդրահարույց իրավիճակներին։ Պաշտպանը խոսել է նաև երեխաների իրավունքների
ոլորտում առկա, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և ենթակառուցվածքների
մատչելիության խնդիրների առնչությամբ։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց
առնչությամբ ստացած դիմում-բողոքների թիվը շեշտակի աճել է 2025 թվականի ընթացքում։ Օրինակ, ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբերող դիմումները 2024-ի 189-ից հասել են 910-ի, իսկ
Երևանի քաղաքապետարանին վերաբերող դիմումները՝ 357-ից 919-ի:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած օրենքով սահմանված սահմանափակումներին՝ դատարանների
գործունեությանը չմիջամտելու արգելքին, և այդ առումով Պաշտպանի կողմից իրականացվող անընդհատ
իրազեկումներին, միևնույն է, ՄԻՊ-ը շարունակել է 2025-ի ընթացքում ստանալ բազմաթիվ բողոքներ դատական
իշխանության մարմինների գործունեության վերաբերյալ, որոնք 2025 թվականին աճել են 2024 թվականի
համեմատությամբ։
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը՝
նշելով, որ որոշակի առաջընթաց է արձանագրվել քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների
բարելավման հարցում։ Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մտահոգիչ է շարունակում մնալ
ինքնասպանությունների և ինքնավնասումների բարձր ցուցանիշը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտի հետ կապված հարցերը
շարունակում են մնալ խնդրահարույց՝ հատկապես նախընտրական ժամանակահատվածում ատելության խոսքի
դրսևորումների առկայության համատեքստում։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև ՄԻՊ հաստատության անկախության, գործառույթների և մանդատի
վերաբերյալ առանձին մարմինների իրազեկվածության ցածր մակարդակի խնդրին։
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև բռնի տեղահանված անձանց ու փախստականների իրավունքներին,
նաև ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի
իրավունքներին առնչվող հարցերը՝ կարևորելով վերջիններիս անհապաղ ազատ արձակման առանցքային բնույթը։

Ամփոփելով՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին, պետական մարմիններին, քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել Պաշտպանին՝ սոցիալական պաշտպանության
իրավունքի, կենսաթոշակներին առնչվող խնդիրների, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի,
երեխաների կրթության իրավունքի, ՄԻՊ մանդատի, լիզորությունների շրջանակի և այլ ոլորտների վերաբերյալ։

Spread the love