Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 15-ին այցելել է
«Լուսէ» վերականգնողական կենտրոն» հիմնադրամ, որտեղ իրականացվում են սոցիալ-
վերականգնողական ծառայություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող
անձանց համար։
Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է
հաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, շենքային
ենթակառուցվածքներին, անձնակազմի գործունեությանը, ինչպես նաև մատուցվող
ծառայություններին, ընթացիկ ծրագրերին և զարգացման հեռանկարներին։
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև հաշմանդամություն
ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։ Քննարկվել են նրանց կողմից բարձրացված
հարցերն ու կարիքները՝ կապված հանրային տրանսպորտի, կանգառների մատչելիության
ապահովման, անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու գործընթացի,
ֆունկցիոնալության գնահատման արդյունքում յուրաքանչյուր անձի կարիքից բխող
հասցեական ծառայությունների, աջակցող միջոցների տրամադրման, անձնական
օգնականի, սոցիալական տաքսի ծառայությունների, անկախ կյանքի հմտությունների
զարգացմանն ուղղված, համայնքահեն ծառայությունների տրամադրման,
հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և կարծրատիպերի
վերացման, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, կրթության
արդյունավետության ապահովման, առողջության պահպանման և մի շարք այլ հարցերի
հետ:
Պաշտպանը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ հաշմանդամություն
ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների և նրանց ծնողների հետ անմիջական
հաղորդակցությունը առանձնահատուկ կարևորություն ունի առկա խնդիրների համատեղ
լուծման համար։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև հասարակությունում առկա
կարծրատիպերի հաղթահարման և հասարակության մեջ ներառականության
երաշխավորման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Անահիտ Մանասյանը նշել
է, որ յուրաքանչյուր երեխայի և անձի համար, առանց բացառության, պետք է ապահովվի
հասարակական կյանքին լիարժեք և արդյունավետ մասնակցության հնարավորություն։
«Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառվելու
իրավունքի իրացումը պետք է լինի պետության հետևողական քաղաքականության
առանցքում։ Սա մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության
հիմնարար հարց է», – նշել է Պաշտպանը։
Հանդիպման ընթացքում ծնողները շնորհակալություն են հայտնել Անահիտ
Մանասյանին՝ նման ձևաչափով երկխոսության հարթակների ստեղծման համար՝
ընդգծելով բարձրացված հարցերի նկատմամբ նրա հետևողական վերաբերմունքը։
Պաշտպանը կարևորել է կենտրոնում իրականացվող աշխատանքը և
վերահաստատել իր պատրաստակամությունը՝ իր իրավասության շրջանակում
շարունակաբար աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությանը և ներառական միջավայր զարգացնելուն ուղղված քաղաքականության
առաջմղմանը։
