Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի
կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման
աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել
ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի
առողջության կենտրոն» ՓԲԸ:
Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց
պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց
համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ
փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ
համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար
աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Նախորդ այցերի համեմատ այս անգամ հոգեբուժական կազմակերպությունում
արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, ինչը ողջունելի է։
Մասնավորապես, կառուցվել են նոր ճաշասրահ, լվացքատուն և զրուցարան,
հաստատության տարածքը մաքրվել է տարիներ շարունակ կուտակված մետաղի
ջարդոններից, վերանորոգվել և կահավորվել են կանանց համար նախատեսված լոգարանն
ու տղամարդկանց համար նախատեսված, բակում տեղակայված սանհանգույցները։
Նշված սանհանգույցներն ապահովվել են նաև մշտական ջրով և միացվել ընդհանուր
կոյուղատար համակարգին։
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ.
• հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական
տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, հիվանդասենյակներում տեղադրված
են իրար շատ մոտ մահճակալներ,
• հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն
անբավարար են,
• հաստատությունում բացակայում է կենտրոնացված ջեռուցումը.
հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչների, իսկ նոր կառուցված
ճաշասրահը՝ փայտի համար նախատեսված վառարանի միջոցով, նույնկերպ է տաքացվում
նաև 1-ին հարկում տեղակայված բաժանմունքը,
• արձանագրվել են հեռախոսներից օգտվելու հետ կապված խնդիրներ,
• առկա են բուժառուների զբաղվածության հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են բուժառուների կողմից կենսաթոշակների տնօրինման հետ
կապված խնդիրներ. նրանցից շատերը տեղեկացված չեն, որ իրենց խնամակալներն են
ստանում կենսաթոշակները և թե ինչ ծախսեր են կատարում,
• առկա են ոչ հոժարակամ բուժման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի
պահպանման հետ կապված խնդիրներ,
• արձանագրվել են դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման հետ
կապված խնդիրներ,
• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային
պայմաններն անբավարար են, հաստիքների սակավությամբ պայմանավորված՝ որոշ
աշխատակիցներ գերծանրաբեռնված են,
• առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի
վերապատրաստման անհրաժեշտություն։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են
հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ
կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Կարևոր է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի
գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների
երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի,
աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք
երաշխավորող հարաբերությունների հաստատում:
Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների
աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական
երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն:
