Ուկրաինական ճգնաժամի սկզբից Ռուսաստանից մոտ 74 հազար մարդ է եկել Հայաստան։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վագան Քերոբյանը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա հիմնականում եկել է հայկական սփյուռքը, նրանք են վերադարձել։ Ազգությամբ ուկրաինացիները շատ չեն՝ մեկ ակմ երկու հազար, ոչ ավել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանից հոսքին, ապա, վերջին տվյալներով, այն մոտ 75 հազար մարդ է, որից, դարձյալ, մոտ կեսը հայկական անձնագիր ունի։ Մենք չգիտենք, թե նրանք ինչքան կմնան Հայաստանում։ Երբ ես Հայաստանից Ռուսաստան էի գալիս, ինքնաթիռում շատ ռուսներ կային, որոնք որոշ ժամանակ առաջ թռել էին Երեւան եւ այժմ վերադառնում էին։ Այսինքն՝ ասե, որ նշված թիվն դա այն մարդկանց թիվն է, ովքեր որոշել են մնալ եւ ապրել Երեւանում, ես չեմ համարձակվի: Ինչ վերաբերում է ժամանակին, ապա Հայաստանում առանց հատուկ փաստաթղթերի կարելի է ապրել 180 օր։ Բայց եթե ավելի երկար են ապրում, ապա դա պարզապես տուգանք է ենթադրում: Այս բոլոր կարգավորումները սահմանվում են ԵԱՏՄ օրենսդրությամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը, գիտեք, հյուրընկալ երկիր է, հատկապես ՌԴ քաղաքացիները կարող են ազատ ապրել եւ աշխատել»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին` արդյո՞ք մտավախություն կա, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած քաղաքացիների միջեւ հանկարծ լարվածության կամ բռնության օջախներ կառաջանան, Քերոբյանը պատասխանեց.
«Մեզ մոտ օր կար, երբ հատուկ ռազմական օպերացիային դեմ հանդես եկողները եւ դրան աջակցող մարդիկ երկու տարբեր հանրահավաքներ անցկացրեցին։ Եւ շատերը զարմանում էին, թե ինչպե՞ս կարող է այդպես լինել: Բայց մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ յուրաքանչյուր մարդ արտահայտվելու իրավունք ունի»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենախոշոր ներդրողն է Հայաստանում։ «Եւ մենք կարծում ենք, որ, բազմաթիվ գործոններից ելնելով, ներդրումների տեմպերը պետք է առնվազն նույնը լինեն։ Հասկանալի է, որ տնտեսական իրավիճակը մի փոքր բարդանում է պատժամիջոցների պատճառով եւ այլն։ Բայց կարծում եմ, որ մեր համագործակցության տնտեսական ակտիվությունը ոչ թե պետք է թուլանա, այլ՝ ավելանա»։