Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորաբաց բժշկական ստորաբաժանում

Ապրիլի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝
ուսումնասիրելու բժշկական ստորաբաժանման գործունեությունը և ազատությունից
զրկված անձանց առողջապահական ծառայությունների կազմակերպումը։
Այցին մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Պաշտպանը տեղում ծանոթացել է բժշկական ստորաբաժանման
կարողություններին, բուժսպասարկման կազմակերպման ընթացակարգերին,
դեղապահովման գործընթացներին, ինչպես նաև մատուցվող ծառայություններին։
Ստորաբաժանումը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության
հնարավորություններ և ունի շուրջ 95 մահճակալ։
Պաշտպանը զրուցել է բուժօգնություն ստացող ազատությունից զրկված անձանց
հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև քրեակատարողական հիմնարկի
տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և
զրուցել նրանց հետ։ Պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց
հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները:
Այցի շրջանակում հավաքագրված խնդիրները մանրամասն կուսումնասիրվեն
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և համապատասխան առաջարկներ
կներկայացվեն իրավասու մարմիններին:

Spread the love