ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Հոռոմսիմե Նշանյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 21) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի բազմաթիվ խախտումներ։
Մանսավորապես՝
– սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
– առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,
– պատուհանները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխեն կեղտի կուտակումը, չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– աշխատանքային սեղանները չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների պոկվելու հնարավորություն,
– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում և չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման հատված,
– սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով և ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով, բնական և արհեստական օդափոխության համակարգերով և անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
