Հայաստանի կրթական և սոցիալական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Թադևոսյանս բարեգործական հիմնադրամը, որի առաջնահերթություններից է
երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացումը, հայտարարել է ուսման վարձի փոխհատուցման
նոր ծրագրի մեկնարկի մասին։
Հիմնադրամը նպատակ ունի նպաստել կրթության հասանելիությանը և հասարակության բարօրությանը՝
իրականացնելով կրթական և սոցիալական ծրագրեր։ Նոր նախաձեռնությունը միտված է աջակցելու բարձր
առաջադիմություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողներին՝ ապահովելով
հավասար հնարավորություններ և խթանելով նրանց մասնագիտական աճը։
Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի ուսանողների համար կտրամադրվի ուսման վարձի
ամբողջական փոխհատուցում։ Այն նախատեսված է հետևյալ մասնագիտությունների համար՝ լրագրություն,
հոգեբանություն, շուկայագիտություն, կառավարում և տվյալագիտություն։
Նախապատվություն կտրվի Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցների երեխաներին կամ`
մասնակիցներին, ովքեր այս պահին ուսանող են։
Մրցութային կարգով կընտրվեն մինչև 35 ուսանող՝ հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը,
սոցիալական վիճակը և մոտիվացիան։ Ընտրված մասնակիցները կստանան ուսման վարձի ֆինանսավորում
բակալավրիատի ողջ ընթացքում՝ կիսամյակային վերանայմամբ։
Ծրագիրը ներառում է նաև կամավորական բաղադրիչ․ ուսանողները շաբաթական 10–15 ժամ
կներգրավվեն հիմնադրամի կրթական և սոցիալական ծրագրերում՝ ձեռք բերելով նաև գործնական փորձ։
Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 31-ը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ նշված հղմամբ։
