
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ թեև Իսրայելը սատարում է Իրանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերին, ընդսմին, երկիրը, գուցե, «շուտով ստիպված կլինի դարձյալ գործել՝ «վերացնելու համար Իսլամական Հանրապետությունից բխող «գոյութենական սպառնալիքները», գրում է Times of Israel-ը։
«Վերջին տարվա ընթացքում Իրանը չափազանց լուրջ հարվածներ է կրել, որոնք նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել»,- Իսրայելի ռազմաօդային ուժերի հաջորդ հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ ասել է Կացը։
«ԱՄՆ նախագահ Թրամփը, վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համակարգմամբ, գլխավորում է ռազմական արշավի նպատակներին հասնելու ջանքերն այնպես, որ երաշխավորվի, որ գալիք սերունդների ընթացքում Իրանն այլևս գոյութենական սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար»,- հայտարարել է նա։
«Մենք սատարում ենք այդ ջանքերին և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն, սակայն շուտով մեզնից կարող են նոր գործողություններ պահանջվել՝ նպատակների իրագործումն ապահովելու համար»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Տիշլերը կստանձնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը մայիսի 5-ին՝ փոխարինելով գեներալ-մայոր Տոմեր Բարին։
