Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային  օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության
միջազգային օրվա առթիվ:
Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը
յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների
պաշտպանության կարևորությունը։
Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների
ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային
խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները
և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն
անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի
իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության
երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։
Պահպանվում են նաև խնդիրներ՝ կապված աշխատաշուկայում հավասար
հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր
ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց
համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև
հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ
պատշաճ քայլերի ձեռնարկումը։
Պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային
միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու
արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու
հնարավորություն։
Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով
առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել աշխատանքային
իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել
ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ արժանապատիվ և անվտանգ
պայմաններում՝ կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում
հետևողական և տեսանելի առաջընթացը»։

Spread the love