Հանդիսավոր պայմաններում Տավուշի մարզում մեկնարկել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության մարզային վարչության աշխատանքները

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների,
ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ
մեկնարկում է էկոպարեկային ծառայության գործունեությունը՝ Սյունիքից հետո։ Վարչապետը ընդգծել է,
որ գործընթացը լինելու է շարունակական՝ այն բնութագրելով որպես նոր փուլ Հայաստանի համար՝
էկոմիջավայրի և բնապահպանական մտածողության ձևավորման տեսանկյունից։ «Դժվար ժամանակներում
մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ
իմաստով և տրամաբանությամբ»,- նշել է վարչապետը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում նշել է, որ Շրջակա միջավայրի
նախարարության Էկոպարեկային ծառայության ձևավորումը արտահայտում է կառավարության քաղաքական
կամքը՝ վերափոխելու բնապահպանական վերահսկողության համակարգը և այն դարձնելու ժամանակակից,
արդյունավետ և կանխարգելիչ։ Ներդրվում է այնպիսի մոդել, որտեղ պետությունը ոչ միայն արձագանքում
է իրավախախտումներին, այլև ձևավորում է դրանց կանխարգելման իրական մեխանիզմներ։
Տավուշի մարզը, լինելով Հայաստանի ամենաանտառապատ և կենսաբազմազանությամբ հարուստ
տարածաշրջաններից մեկը, ունի առանձնահատուկ նշանակություն այս գործընթացում։ Այստեղ
ծառայության լիարժեք գործարկումը դիտարկվում է ոչ միայն որպես կառույցի ստեղծում, այլև բնության
պահպանության նոր մշակույթի ձևավորում։
Ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը ևս ընդգծում է իրականացվող բարեփոխումների
լրջությունը։ Նոր ծառայողական ավտոմեքենաները, հագեցած ժամանակակից մոբայլ համակարգերով,
ապահովում են արագ արձագանքում և վերահսկողության բարձր արդյունավետություն։ Դրանց մի մասը
համալրված է նաև հակահրդեհային տեխնիկայով, ինչը կարևոր նշանակություն ունի անտառային
տարածքների պաշտպանության համար։
Մեծ ուշադրություն է դարձվել նաև մարդկային ռեսուրսների որակին։ Ծառայությունը համալրված է 128
էկոպարեկներով, որոնք անցել են ընտրության և մասնագիտական պատրաստվածության փուլեր՝ ձեռք
բերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Նրանք ապահովված են ժամանակակից տեխնիկական
միջոցներով՝ տեսանկարահանող սարքերով, թվային գործիքներով և օպերատիվ կառավարման

համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս տեղում արձանագրել իրավախախտումները և
իրականացնել համապատասխան ընթացակարգեր։
Նշվել է, որ Սյունիքի մարզում ծառայության ամբողջական գործարկումից հետո արձանագրվել են
շոշափելի արդյունքներ․ վերահսկողությունը զգալիորեն ուժեղացել է, հայտնաբերված
իրավախախտումների դեպքերը աճել են շուրջ 2.5 անգամ, իսկ արձագանքման միջին ժամանակը կրճատվել
է ավելի քան 40 տոկոսով։
Ծառայության ներդրմամբ պետությունը հստակ ազդակ է հղում՝ ապահովելու օրենքի գերակայությունը
բնապահպանության ոլորտում, կանխելու ապօրինի գործունեությունը և պաշտպանելու երկրի բնական
հարստությունները՝ հանուն ներկա և ապագա սերունդների։
Նախաձեռնությունն ունի նաև միջազգային կարևոր համատեքստ․ Հայաստանը պատրաստվում է
հյուրընկալել և արդեն իսկ նախագահում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի
17-րդ համաժողովը (COP17), և երկրի համար կարևոր է հանդես գալ գործող և արդյունավետ
համակարգերով։
Միջոցառման ավարտին երախտագիտություն է հայտվել ծառայության կայացման գործում ներգրավված
բոլոր գործընկերներին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև
միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Էկոպարեկային ծառայության գործունեությունը կունենա տեսանելի և երկարաժամկետ ազդեցություն
Հայաստանի բնական միջավայրի պահպանության գործում։

Spread the love