Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ վերջին օրերին զանգվածային
լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում շրջանառվում են տարբեր
հրապարակումներ։
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ
տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության
ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ
իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական
և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային
վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի,
առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ
ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող
տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել
երեխային։
Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող
հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան
չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։
Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի
«մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝
լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը,
հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և
նրբանկատության ցուցաբերումը։
Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ
մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն։
