Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները

Արմավիր Բիզնես Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ բիզնեսի զարգացմանը նվիրված պանելային քննարկում, որի գլխավոր հովանավորն էր Ամիօ բանկը։ Նախաձեռնությունը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբել բիզնեսի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու վաճառքի, մարքեթինգի, բրենդինգի, հաճախորդակենտրոնության և արհեստական բանականության դերը ժամանակակից բիզնեսի աճի գործում։ Պանելային քննարկումը վարում էր Ամիօ բանկի մարքեթինգի, հաճախորդի փորձառության և հաղորդակցության ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝ վաճառքի և մարքեթինգի փոխկապակցվածությունից մինչև հաճախորդի փոփոխվող վարքագծին, բրենդինգի անհրաժեշտություն մարզային բիզնեսների համար և AI-ի գործնական կիրառություն։

Հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ վաճառքն ու մարքեթինգը չեն կարող դիտարկվել որպես առանձին, իրարից անկախ գործառույթներ։ Ժամանակակից բիզնեսում մարքեթինգը ձևավորում է խոստումը, իսկ վաճառքը այն վերածում է հաճախորդի իրական փորձառության։ Այդ կապի խզումը կարող է ազդել ինչպես վստահության, այնպես էլ բիզնեսի աճի վրա։

Քննարկման ընթացքում նշվեց, որ հաճախորդի վարքագիծը էապես փոխվել է։ Այսօր հաճախորդները դարձել են ավելի պահանջկոտ և տեղեկացված։ Նրանք բիզնեսներին համեմատում են ոչ միայն տվյալ ոլորտի մրցակիցների, այլև տարբեր ոլորտներում առկա լավագույն փորձի հետ։ Միևնույն ժամանակ, չնայած տեղեկացվածության աճին, հաճախորդների որոշումների կայացման մեջ էմոցիոնալ գործոնը շարունակում է կարևոր դեր ունենալ։

Առանձին շեշտադրվեց բրենդինգի դերը փոքր և մարզային բիզնեսների զարգացման գործում։ Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ բրենդինգը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Հստակ դիրքավորումը, վստահության ձևավորումը և տարբերակումը կարող են դառնալ մարզային բիզնեսների մրցունակության և երկարաժամկետ աճի կարևոր նախապայմաններ։

Արմավիրի բիզնեսների զարգացման տեսանկյունից առանձնացվեցին երեք հիմնական ուղղություններ՝ բրենդինգ, հաճախորդակենտրոնություն և նեթվորքինգ։ Ընդգծվեց, որ բիզնեսի կայուն աճի համար այլևս բավարար չէ միայն որակյալ ապրանք կամ ծառայություն ունենալը․ կարևոր է նաև հաճախորդին հասկանալը, շուկայի հետ ճիշտ հաղորդակցվելը և համագործակցային կապեր ստեղծելը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության կիրառությանը բիզնեսում։ Նշվեց, որ AI-ը կարող է լինել արդյունավետ գործիք հատկապես այն դեպքերում, երբ ընկերությունն ունի տվյալների բազա, հստակ խնդիր և համակարգված գործընթացներ։ Միաժամանակ կարևորվեց տվյալների պաշտպանության, ներքին գիտելիքի կառավարման և տեխնոլոգիաների պատասխանատու կիրառման անհրաժեշտությունը։

Պանելային քննարկման հիմնական ուղերձն այն էր, որ ժամանակակից բիզնեսի աճը միայն վաճառքի ծավալների ավելացման մասին չէ։ Այն սկսվում է հաճախորդին խորությամբ հասկանալուց, վստահություն կառուցելուց, հստակ բրենդ ունենալուց և փոփոխվող միջավայրին արագ հարմարվելու կարողությունից։

Ամիօ բանկը կարևորում է մարզային բիզնես միջավայրի զարգացումը և աջակցում է նման նախաձեռնություններին՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը և բիզնես մտածողության զարգացմանը մարզերում։

Spread the love