Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական
կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և
Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ
երիտասարդություն» ՀԿ-ի կողմից:
Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր
Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և
լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն
հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ
կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների
զորեղացման վրա։
Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և
երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։
Կենտրոնն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և
ձեռնարկատիրական կրթություն, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև անհատական
մենթորություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցություն։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Հայաստանի որևէ
անկյունում այսօրինակ միջավայր ունենալը համատեղ ձեռքբերում է․ «Այսպիսի երիտասարդական
կենտրոնների ստեղծումը համահունչ է պետական երիտասարդական քաղաքականության
առաջնահերթություններին։ Այն հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը համայնքային մակարդակում՝ ապահովելով
մասնակցության մեխանիզմներ, հմտությունների զարգացման հնարավորություններ, ուժեղացնելով
երիտասարդների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»։
ՀՀ Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ
նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը
կարևորել է գործընկեր կառույցների նախաձեռնությամբ ևս կենտրոնների ձևավորումը՝ պետության
հաստատած միասնական ձևաչափով և ուղեցույցներով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնի գործունեության մեջ առաջնային է ակտիվ
քաղաքացիության խրախուսումը և ՏԻՄ-երի հետ համագործակցությունը՝ փոխակերպելու իրենց
բնակավայրը, համայնքը, մարզը՝ այդպիսով նաև պետությունը: Նա երիտասարդական կենտրոնի
գործունեությունը կարևորել է նաև ինտելեկտուալ ժամանցի, գաղափարների փոխանակման, հանրային
երկխոսության կայացման, նոր նախաձեռնությունների քննարկման, ինչպես նաև երիտասարդների
կարողությունների զարգացման տեսանկյունից՝ որպես ոչ ֆորմալ կրթության գործիքակազմ: Խոսքը
եզրափակելով՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող
համագործակցության համար և կենտրոնին մաղթել արդյունավետ գործունեություն:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ կենտրոնը Վայոց ձորում
ներկայացնում է երիտասարդական աշխատանքի կայուն մոդել՝ համադրելով ուսուցումը, մասնակցությունը
և իրական հնարավորությունները. «Մեր նպատակն է ապահովել, որ տեղի երիտասարդները ոչ միայն
ներգրավված լինեն, այլ նաև կարողանան նախաձեռնել, լուծումներ մշակել և նպաստել իրենց համայնքի
երկարաժամկետ զարգացմանը»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական նշել է․ «Ճապոնիայի
կառավարությունը մեծ ուրախությամբ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են
դեռահասների և երիտասարդների հոգեսոցիալական բարեկեցությանը և ամրապնդում տեղական
համայնքները։ Մենք վստահ ենք, որ երեխաների և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման
հնարավորությունների ստեղծումը կարևոր է կայուն զարգացման համար, և հպարտ ենք մեր ներդրումն
ունենալ Վայոց ձորի մարզում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը
համայնքային երիտասարդական կենտրոնները դիտարկում է որպես կարևոր հարթակներ դեռահասների
հոգեսոցիալական բարեկեցության ապահովման համար, ինչը ուսուցման, մասնակցության և դեպի չափահաս
կյանք հաջող անցման հիմքն է. «Համախմբելով պետական կառույցներին, տեղական իշխանություններին,
քաղաքացիական հասարակությանը, դոնորներին և հենց երիտասարդներին՝ մենք նպաստում ենք, որ
ազգային երիտասարդական քաղաքականությունները տեղայնացվեն՝ վերածվելով ներառական և բարձրորակ
ծառայությունների հենց համայնքներում»։
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված հնարավորության
համար՝ ընդգծելով․ «Կենտրոնը ստեղծում է նոր հնարավորություններ Վայքի երիտասարդների համար՝
իրենց իսկ համայնքներում ծառայություններից օգտվելու, իրենց ներուժը զարգացնելու և ապագան այստեղ
տեսնելու առումով»։
Միջոցառման ավարտին հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել համայնքի
երիտասարդների հետ:
