Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը մարդու իրավունքների ոլորտի
ամենածանր և վտանգավոր խնդիրներից է և պահանջում է պետության անհապաղ ու
համակարգային արձագանք։
Ազգային ժողովում 2025թ. տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է
անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդրին՝ ընդգծելով, որ դրա
կանխարգելման, բացահայտման և պատշաճ քննության ուղղությամբ դեռ պահպանվում
են լուրջ մարտահրավերներ։
Պաշտպանը կարևորել է միասնական և զգայուն մոտեցման ապահովումը՝ ինչպես
իրավապահ համակարգում, այնպես էլ կրթության և մյուս ոլորտներում։ Անահիտ
Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև հաշմանդամություն
ունեցող երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և հասցեավորման
առանձնահատուկ կառուցակարգերի կարևորության վրա։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բոլոր դերակատարները
պետք է առավել զգայունությամբ վերաբերվեն նշված դեպքերին, պետք է բարեփոխվեն
կանխարգելման մեխանիզմները, պետք է բացառվի երեխաներին նույնականացնող
տվյալների հրապարակումը, հաշմանդամության հանգամանքով պայմանավորված`
երեխաների, ծնողների թիրախավորումը, բացառապես այդ հանգամանքը հիմք
ընդունելով` անձանց հայտնած տեղեկություններն անարժանահավատ համարելը,
մասնագետները պետք է գիտելիք և հմտություն ձեռք բերեն բռնությունը ճանաչելու
առնչությամբ, իսկ քննություն իրականացնող մարմինները պետք է տիրապետեն նման
գործերի քննության առանձնահատկություններին:
Երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելման և հասցեավորման ոլորտում դեռ կան լուրջ մարտահրավերներ
