ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել
աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության և
ենթակա ծառայությունների ղեկավարները։
Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ
Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․
ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների
վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա
նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական
ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ
համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ
համագործակցությանը։
Կարևորվել է ընտրության օրը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և 112
օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծերի միջոցով քաղաքացիներին և դիտորդական
առաքելությունների ներկայացուցիչներին տարբեր լեզուներով տեղեկատվության
հասանելիության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել անձնակազմի
վերապատրաստման հարցերին։
ՆԳ նախարարը հանձնարարել է գործող ընթացակարգերի, ընտրողների իրավունքների և
ընտրական հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ինտենսիվացնել
հանրային իրազեկումը։
Նախարար Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ
իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և
արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի
օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների
պատշաճ ապահովմանը։
ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները ներկայացրել են
կոնկրետ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները։
