ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում

 

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում,
ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների
կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ,
մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող
անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու
նպատակով:
Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և
տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող
անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝
Հարգելի՛ քաղաքացիներ,
Եթե ունեք տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և եթե այն ընտրական
տեղամասը, որի ընտրական ցուցակում ընդգրկված եք, մատչելի չէ ձեր ընտրելու
իրավունքն իրացնելու համար, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝
մինչև ժամը 14:00-ն (մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ժամը 14։00-ն) իրավունք ունեք
դիմում ներկայացնելու լիազոր մարմին (Հայաստանի Հանրապետության ցանկացած անձնագրային բաժին)՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից
ժամանակավորապես դուրս գալու և ձեր նախընտրած վայրի մատչելի ընտրական
տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման
(հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական
տեղամասի համարը։
Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի
ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի համացանցային կայքում՝ հետևյալ հղումով՝
https://www.elections.am/AccessibilityMap/28826։

Spread the love