Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 30-ին հիմնական
ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և
պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։
Հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական
կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են բռնի տեղահանված
կանայք։
Իր ելույթում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների հիմնական
բովանդակությունը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործառույթները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է
պաշտպանել խախտված իրավունքները։
Հանդիպումն ունեցել է ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները հնարավորություն են
ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու առկա խնդիրները և
ստանալու պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման և պաշտպանության
վերաբերյալ։
Պաշտպանն ընդգծել է, որ թեև վերջին տարիներին արձանագրվել են որոշակի դրական
զարգացումներ կանանց իրավունքների իրացման, ներգրավվածության և
ինքնադրսևորման ոլորտներում, սակայն կանանց հզորացման ուղղությամբ դեռևս առկա
են բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է
նման նախաձեռնությունների իրականացումը։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է բռնի տեղահանված անձանց խնդիրներին՝
նշելով, որ այդ խումբը գտնվում է իր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։
Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին՝
Պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման և ատելության խոսքի բացառման
կարևորությունը։ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև հանրային համերաշխության
ամրապնդումը՝ ընդգծելով կրթական համակարգի առանցքային դերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, քանի որ
կրթական միջավայրը պետք է ձևավորի այն բարոյական և էթիկական չափանիշները,
որոնց վրա կառուցվում է հանրային վարքագիծը․ այդ չափանիշներն ուղղակիորեն
ազդում են նաև մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի վրա։
«Շատ կարևոր է, որպեսզի բռնի տեղահանված անձինք ներգրավված լինեն իրենց
վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին»,– ընդգծել է Պաշտպանը։
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու
իրավունքների պաշտպանին կառուցողական քննարկման համար։ Անահիտ Մանասյանն
իր հերթին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևոր հարցադրումներ
բարձրաձայնելու համար։
Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով անմիջական շփումները՝ ընդգծելով, որ բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն
համակարգային լուծումներ, այլև անհատական մոտեցում և շարունակական ու զգայուն
հաղորդակցություն։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է աջակցել
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության
բարձրացմանը՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների հետ։
