Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես
պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք,
խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի
«Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը
գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ուղեկցել է «Օրն իրավունքների
պաշտպանության առաջնագծում» նախագծի երրորդ մասնակից Մանե Շաբոյանը, ով
հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է
տարբեր հասարակական նախաձեռնություններում։
Անահիտ Մանասյանն իր ելույթում կարևորել է կանանց ակտիվ և արդյունավետ
ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ կանանց
իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և
որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցությունը ժողովրդավարական
և իրավական պետության կարևոր նախապայմաններից են։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության
ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջընթաց, մասնավորապես՝
ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանության մեխանիզմների զարգացման
և տարբեր պետական համակարգերում կանանց ներգրավվածության աճի առումով,
սակայն ոլորտում շարունակում են պահպանվել մի շարք համակարգային խնդիրներ։
Կանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
