Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն
Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց
լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ
120 դիմորդ:
Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և
թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և
հաջողություն մաղթել դիմորդներին։
Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության
քննությունների առնչությամբ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
առարկայի համար հայտագրվել է 4232 դիմորդ: Քննությունների արդյունքները կհրապարակվեն 5-րդ
օրը․ դիմորդը գնահատականի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից։
Անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ը,
կարող է բողոքարկել քննության արդյունքը՝ ներկայացնելով բողոք-դիմումն այն քննական կենտրոնում,
որտեղ հանձնել է քննությունը։
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում,
հայտագրվել է 16 426 դիմորդ։ Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 26-ին «Քիմիա»
և «Ռուսերեն» առարկաներից։ Միասնական քննությունների այս փուլի վերջին օրը՝ հունիսի 30-ին,
դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։

Spread the love