Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց
ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի
աշխատանքները։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և
Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։
Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբրի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ
շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նա կարևորել է աշխատանքների բարձր
որակով, պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության
զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները պահանջում են առանձնահատուկ
պատասխանատվություն:
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի
հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։
Այս ընթացքում ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։
Հիշեցնենք, որ բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են
հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության
տաճարի մույթերը։ Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի և հուշապատի
հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ
մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից
հատուկ նյութերի կիրառմամբ։ Փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին
հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի,
բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։

Spread the love