Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի
ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից
զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ
Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն
իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել
է երեխաների տեսակցության հետ կապված հարց:
ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների
շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ
հայտարարած ազատությունից զրկված անձի` խնամքի հաստատությունում գտնվող
երեխաների հետ տեսակցությունը քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու
հարցի շուրջ։
Տեսակցության կազմակերպման հարցերը քննարկվել են բացառապես երեխաների
լավագույն շահի ապահովման համատեքստում։
Պետական մարմինների և ՄԻՊ հաստատության համագործակցության արդյունքում
ապահովվել է երեխաների՝ քրեակատարողական հիմնարկում հոր հետ տեսակցությունը։
Նույն օրը ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև երեխաների հետ:
Վերջիններս բարձրաձայնել են նաև խնամքի հաստատությունում իրենց խնամքի
պայմաններին վերաբերող հարցեր, որոնք Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել և հասցեագրվել են իրավասու մարմիններին՝ դրանց համակողմանի
ուսումնասիրության և պատշաճ քննարկման նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման իրավիճակներում իրավասու
պետական մարմինների համագործակցային մոտեցումը՝ որպես երեխաների
իրավունքների արդյունավետ իրացման և առաջացած խնդիրներին համակարգային
արձագանք ապահովելու կարևոր նախապայման։
Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձի կողմից բարձրացված կալանքի հետ
կապված հարցին, կարևոր է նկատի ունենալ, որ այդ հարցը Պաշտպանը երբևէ
քննարկման առարկա չի դարձնում` պայմանավորված բացառապես հացադուլ
հայտարարելու հանգամանքով: Խափանման միջոցների կիրառման միջազգային
չափանիշների առերևույթ խախտումը կամ դրանք շրջանցելն է, որ հանգեցնում է կալանք
խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը բարձրաձայնելու և արդյունքում` այն
փոփոխելու անհրաժեշտության: Այդ չափանիշներն են, որ դատարանները և իրավասու
մյուս դերակատարները պետք է մշտապես, այդ թվում` այս դեպքում, դնեն խափանման
միջոցի կիրառման կամ դրա փոփոխության որոշումների հիմքում:
Մարդու իրավունքների պաշտպանը անընդհատ հետևում է նաև հացադուլի վարման
պետության պարտավորությունների կատարմանը և արձանագրված խնդիրները
հասցեավորում է տարբեր գործիքակազմերի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
