Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը
Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու
խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց
իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման
միջազգային հանձնառությունը։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը
ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության
նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական
հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու
համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ
կողմերի համատեղ աշխատանք։
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց
վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը,
մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության
պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից
են։
Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության
կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության

վիճակը։ Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև
տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են
ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների
կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով
պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների
ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության
ապահովման անհրաժեշտության առումով։
Այս համատեքստում ընդգծում եմ, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց
ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և
շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական
ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և
իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։
Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է
ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի
տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ: Յուրաքանչյուր նման դեպք
պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և
անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։
Կրկին ընդգծում եմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները
խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ
քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։
Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է
ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ
դրսևորում հանդուրժելի չի լինի։

Spread the love