Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի
ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N
զորամաս։
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի
հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել
զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝
բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու
բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է
ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող
աշխատանքները։
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների
հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։
Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի
երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ
վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման
ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված
ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են,
որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս
առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։
Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների,
ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը
համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային
հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։
Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական
կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի
պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ
արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց
ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության
առաջնահերթ ուղղություններից է։
Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական
համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման
տեսանկյունից։
