Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է շուրջ 141․6 մլն դրամ հատկացնել
մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման և ժամանակակից
գիտական սարքավորման ձեռքբերման նպատակով։
Մասնավորապես՝ 2026 թ․ բյուջեի վերաբաշխման արդյունքում 42,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԳԱԱ
նախագահության վարչական շենքի հարակից՝ «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում
գտնվող շուրջ 700 քմ ընդհանուր մակերեսով շինության հիմնանորոգմանը։ Մարշալ Բաղրամյան 24/6
հասցեում գտնվող այս շինությունում ՀՀ անկախացումից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն
իրականացվել։
Հիմնանորոգումից և բարեկարգումից հետո տարածքը կվերածվի բազմաֆունկցիոնալ գիտական և հանրային
կենտրոնի, որտեղ կանցկացվեն միջազգային և հանրապետական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ,
երիտասարդ գիտնականների համաժողովներ, համահայաստանյան դպրոցական և ուսանողական գիտական
փառատոներ, գիտության հանրայնացման միջոցառումներ։
Միաժամանակ, ըստ նույն որոշման, 98,7 մլն դրամ կհատկացվի «Մոլեկուլային կենսաբանության
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար գենետիկական անալիզատորի ձեռքբերմանը՝ գիտական կենտրոնները
ժամանակակից սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների
կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում։
Նոր սարքավորումը կնպաստի ինստիտուտի հետազոտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից
գիտական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների բարելավմանը։
