Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ
Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում
ծանոթանալու նպատակով:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրության
առարկա են դարձել Գ. Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝
բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս
պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և
ենթակա չէ հրապարակման։
Միևնույն ժամանակ, առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ
հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի
մասը` ընթացքում ստանում է լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն
ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի
ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա
հատուկ կարիքներին:
Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի
առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և
հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա
կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող
սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հատուկ
կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման
խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև մարդու իրավունքների և
ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում՝ շեշտելով, որ
պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց
մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից: Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի
իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը: Նշված հարցերի
հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության կողմից:
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ
գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` նշված գործով պատշաճ,
օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ,
կարևոր է, որ այդ ընթացքում լիարժեք երաշխավորվեն անձի իրավունքները:
Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի
ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա
ընթացիկ տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ:
