Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս մեկ կանոնակարգի՝ «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնություն տրամադրելու կարգը, պայմանները և ժամկետները, համաձայնության մերժման հիմքերը» կանոնակարգ 7/13-ի նախագիծը:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։

Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:

Spread the love