Խորհրդարանական ընդդիմության տարատեսակ հարցերին ի պատասխան ՀՀ գերատեսչությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել կապված COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի
վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է՝
Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների
գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել
հետևյալ փաստերը։
Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների
ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա
ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր
տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև
ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և
անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։
Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն
իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման
մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած
չափորոշիչներով և պահանջներով։
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի
պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն
իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես
համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց
դրանցից շեղվելու։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է
համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել
մեկ անձից գնման ձևով։
Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ
կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային
միջավայր և ընտրության թափանցիկություն։
2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված
հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։
Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել
է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։
Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն
իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը
հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ անցկացրել ցանկում
ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց
գնահատումն ու ընտրությունը։
Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության
միանձնյա որոշման արդյունք չի եղել։
Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ
պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական
համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված
տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում։
