1980-ականների վերջի առողջության վերաբերյալ հանրահայտ հեռուստատեսային սեանսների մասնակից և հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկուն հուղարկավորել են Ուկրաինայի Վիննիցայում։ Դրա մասին РИА Новости-ին հայտնել է նրա եղբորորդին՝ հոգեթերապևտ Յուրի Մամաևը։
Կաշպիրովսկին մահացել է հոկտեմբերի 3-ին՝ 87 տարեկան հասակում։ Նրա հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան Մեծ դահլիճում։ Դրանից հետո հոգեթերապևտի մարմինը տեղափոխել են Ուկրաինա՝ հուղարկավորության համար։
«Դագաղը մարմնով իսկապես օպերատիվ կարգով տեղափոխվել է Ուկրաինա, ապա ինքնաթիռով՝ Վիննիցա։ Այդ պատճառով ամեն ինչ անցել է հնարավորինս արագ»,- պատմել է Մամաևը։
Ուկրաինական «Հասարակական» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Կաշպիրովսկուն հուղարկավորել են նրա ծնողների՝ Միխայիլի և Յադվիգայի, ինչպես նաև դստեր՝ Ելենայի կողքին։
Անատոլի Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին՝ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Ստավնիցա գյուղում։ Նրա հայրը զինվորական էր, ուստի ընտանիքը հաճախ էր տեղափոխվում։ Պատանեկության տարիներին ապագա հոգեթերապևտը զբաղվել է ծանրամարտով և ըմբշամարտով, իսկ հոգեբանական գրականության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս ավագ դասարաններում։
1962 թվականին Կաշպիրովսկին ավարտել է Վիննիցայի բժշկական ինստիտուտը։ Մոտ 25 տարի նա աշխատել է որպես հոգեբույժ և հոգեթերապևտ ակադեմիկոս Ա. Ի. Յուշչենկոյի անվան տեղական հիվանդանոցում։
Կաշպիրովսկին լայն ճանաչում է ստացել 1980-ականների վերջին՝ հեռուստատեսային ելույթների շնորհիվ։ 1989 թվականի հոկտեմբերին կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվել է «Բժիշկ-հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջության սեանսները» հաղորդումների շարքը։ Հեռուստաալիքի գնահատմամբ՝ դրանք դիտել է շուրջ 300 միլիոն մարդ։
Կաշպիրովսկու ելույթները, որոնցում նա հայտարարում էր հեռավորությունից մարդկանց ինքնազգացողության վրա ազդելու հնարավորության մասին, դարձել էին ուշ խորհրդային շրջանի ամենաշատ քննարկվող հեռուստատեսային երևույթներից մեկը։
