Դիմադրության շարժման իրազեկման ակցիան լուսանկարներով

«Դիմադրություն» շարժումը նախօրեին իրազեկման երթ է անցկացրել Երեւանում, այսօր այն շարունակվելու է Սասունցի Դավիթ արձանի մոտից՝ ժամը 19.30-ից:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Իջեւանից մեկնարկել է երթը դեպի Երեւան, որին մասնակցել են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այսօր առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը:

Հիշեցնենք, որ երեկվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության  եւ  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր եւ մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։

Բացի այդ, անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երեւանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։ Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։

Այս ընթացքում անհնազանդության ակցիաներ էր իրականացնում նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն իր թիմակիցների հետ։ Նրանք երեկ երեկոյից քայլերթով փակել են Երևանի մի շարք փողոցներ, նստացույց իրականացրել։ Եվ վերջում, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը եւ Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպել են միմյանց։

Spread the love