2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ»
հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը:
«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր
ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ
վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի
պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:
Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):
Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 2000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 999,9 0
Քաշը 62,2 գ
Տրամագիծը 50,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը մինչև 999 հատ
Թողարկման տարեթիվը 2026
Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի
ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք
մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես
վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է
հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից:
Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե
որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն
ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և
չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ
կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումով՝ https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

Spread the love