Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի
պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով
6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ:

Ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և
գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին
սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման
ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են
լայնածավալ և ավելի շատ օբյեկտներում: Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են,
իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։
Ծրագրի շրջանակում ներկայում ավարտված են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև
ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Մինչև տարեվերջ նախատեսվում է
ավարտին հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական
աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ էր 2026 թ.-ի պետական բյուջեով այս ծրագրին ուղղված
միջոցներն ավելացնել շուրջ 15-20 մլրդ ՀՀ դրամով, որից 10.06 մլրդն արդեն հատկացվել է՝ ՀՀ
կառավարության նոյեմբերի 5-ի N1618-Ն որոշմամբ:

Այսօրվա որոշմամբ  հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովմանը, ինչպես
նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի
առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։

Spread the love