Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍԱՐԱՆԻՍՏ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Ծրագրի նպատակն է վերականգնել ապակե տարաների արտադրությունը, բարելավել աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։
Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 400 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում՝ մինչև 2022 թվականի վերջ նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 663 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84 մլն դրամ: