Արզնի թռչնաֆաբրիկան «Մեր գործն արդար է» կարգախոսի տակ շարունակում է անբարեխիղճ մրցակցությամբ մոլորեցնել սպառողներին: Արդեն տևական ժամանակ է Զովք սուպերմարկետների ցանցում Արզնի ընկերությունը վաճառում է ԷԿՈ մակնշմամբ հավկիթներ: Այն ինչ մակնշումն ընդհանրապես կապ չունի սպառողին հրամցվող ձվի էկոլոգիական ծագման հետ: Որպեսզի վերոհիշյալ խնդիրը մերկապարանոց չհնչի , մենք թեմայի հետ կապված ստացել ենք տարբեր հարցեր մեր սպառողների շրջանակներից և ահազանգեր տարբեր տնտեսվարողներից:
Ընկերությունն արտադրանքի հիմքում դնելով շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը ամիսներ շարունակ ոտնահարում է օրենսդրությունը: Արդյոք այստեղ անելիք չունեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կամ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, փորձեցինք հետաքրքրվել «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանից, ով արձանագրեց, որ այս պետական մարմինների աշխատանքները գնահատում է ոչ բավարար, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում արտադրողները չունեն օրենսդրության համապատասխան ԷԿՈ հավկիթներ արտադրելու սերտիֆիկատներ, մինչդեռ Արզնի ընկերությունը շուկայում իրականացնում է պատժելի արարք՝ իր արտադրանքի վրա մակնշելով ԷԿՈ, որը սակայն շատ հեռու է էկոլոգիապես մաքուր լինելուց:
Տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին համապատասխան արտադրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն, հակառակ դեպքում դա անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, որն այս դեպքում իրականացնում են Արզնի և Զովք ընկերությունները: Իսկ արդյո՞ք օրենսդրությամբ սահմանված չեն պատասխանատվության միջոցներ առևտրային ցանցերի համար, որոնց միջոցով փաստացի մակնշմանը չհամապատասխանող արտադրանքը հասցվում է սպառողին, իսկ գուցե այս դեպքում Զովք սուպերմարկետների ցանցի և Արզնի թռչնաֆաբրիկայի միջև ձեռք են բերվել ստվերային պայմանավորվածություններ՝ օգտվելով պետական թույլ վերահսկողությունից կամ դրա բացակայությունից սպառողներին մոլորեցման ճանապարհով ստանալ գերշահույթներ:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք ներկայացնել նաև «Արզնի» ընկերության կարծիքը, սակայն մինչ այդ վերոհիշյալ խնդրի հետ կապված հղում ենք տալիս օրենքի կարգավորմանը՝ « Օգանական գյուղատնտեսության մասին օրենք» -ի 9րդ հոդվածին:
Կարինե Սարգսյան