Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում ազգային համաձայնության կառավարություն կձեւավորվի։ Այս մասին մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դիմադրության շարժման համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Դա, ըստ քաղաքական գործչի, ժամանակավոր կլինի։ «Դա չի լինի մեկ մարդու կամ կուսակցության կառավարություն։ Դա կլինի ազգային կառավարություն՝ բաղկացած ժողովրդի կարող ուժերից»,- վստահեցրեց Սաղաթելյանը։ Այս կառավարության կազմում, ինչպես նշեց ընդդիմադիրը, կլինեն հասարակության լավագույն պրոֆեսիոնալ ներկայացուցիչները, որոնք պարտավորություններ կստանձնեն ու երկիրը դուրս կբերեն ստեղծված իրավիճակից։ «Մեր ժողովուրդը, փառք Աստծո, ունի այդպիսի մարդիկ։ Մենք բազմիցս ապացուցել ենք, որ մենք ենք մեր երկրի տերը եւ կարող ենք պաշտպանել նրան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Ըստ Սաղաթելյանի՝ վերջին օրերին իրեն ավելի ու ավելի հաճախ են հարց տալիս՝ իշխանափոխություն լինելու դեպքում պատերազմ կլինի՞։ «Ասում են, որ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կզայրանա, եւ պատերազմ կսկսվի։ Ձեզ խաբում են։ Փորձում են վախեցնել Ալիեւով։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, քանի որ նա Ալիեւին խոսք է տվել։
Նա ծնկի է եկել թուրքի առաջ։ Կամ պետք է կատարի իր խոստումը, կամ նոր պատերազմ կլինի։ Ես վստահաբար հայտարարում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, իրավիճակն այլ կլինի։ Հերիք է ժողովրդին Ալիեւով վախեցնեք»,- հայտարարեց պատգամավորը։