Ե՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան

Ե՞րբ է գնալու Նիկոլը։ Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարող նրան պահել իշխանության ղեկին, այլեւս բավարար ուժ չունեն, եւ ակցիաները դադարեցնել հնարավոր չէ։

Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է մեծացնենք մեր շարքերը եւ հասնենք նրան, որ ուժային կառույցներն այլեւս չկարողանան կասեցնել ժողովրդական դժգոհությունը։

Եթե մի քիչ էլ ավելացնենք ցուցարարների թիվը եւ ամբողջությամբ վերահսկողության տակ առնենք իրավիճակը, ապա հաշված ժամերի ընթացքում իշխանությունը կանցնի ժողովրդին»,- հավելեց նա։ Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։

«Առաջին փուլն արդեն վաղուց ավարտել ենք։ Դա հասարակական պահանջի ձեւավորումն է, որ սրանք (իշխանությունները-խմբ.) մանդատ չունեն երկիրը նոր զիջումների տանելու համար։ Երկրորդ փուլը իշխանությունից զրկելու գործընթացի սկիզբն է։

Բոլոր հնարավորությունները ստեղծված են, իշխանությունը փողոցում է։ Մենք պետք է ցույց տանք, որ մեր առջեւ փակ դռներ չկան, իսկ իրավիճակի լիիրավ տերը ժողովուրդն է։ Մենք ենք որոշում, թե որ փողոցը պետք է փակվի, որը՝ ապաշրջափակվի։ Այս հրապարակի հետ բոլորը պետք է հաշվի նստեն»,- եզրափակեց նա։

Spread the love