Պաշտոնական վիճակագրությամբ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 7,4 տոկոս գնաճ։ Նույնիսկ մարտի 15-ին Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1,25 տոկոսով բարձրացումը չկանխեց շարունակական գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ գնաճը կազմել է 2,3%, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ գներն աճել են 8,4%-ով։
Հատկանշական է, որ ապրիլ ամսվա այս գնաճն արձանագրվել է դոլարի կտրուկ՝ մոտ 15 տոկոս արժեզրկման պայմաններում, մինչդեռ ներկրվող ապրանքները դոլարի արժեզրկման պայմաններում պետք է էժանանային։ Մարտին, երբ դոլարն էր արժևորվում, սուպերմարկետներում և մանրածախ առևտրի կետերում ժամ առ ժամ փոփոխվում էին ապրանքների գնապիտակները։ Անշուշտ, այս ամենի պատճառը ներկրող-մենաշնորհների և խոշոր սուպերմարկետների ազդեցությունն է։ Նրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գին են թելադրում շուկայում, սնանկացնելով հազարավոր փոքր բիզնեսները և շարքային քաղաքացիներին։
Հարկ է ընդգծել, որ 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել 14.3%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 4.0%-ով: Հայաստանում մարդիկ իրենց եկամտի 70-80%-ը ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար, իսկ 4 ամիսների հաշվարկով սննդամթերքի 12,7%-ի աճը մարդկանց հասցրել է ծայրահեղ աղքատության շեմին։
Տարիներ շարունակ մենաշնորհացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում երկնիշ գնաճ է գրանցվել ապրիլին։ Մասնավորապես՝ հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 14.1%, 14.3% և 26.5%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7%, 2.9% և 7.3%-ով: Նմանատիպ իրավիճակ է նաև հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի շուկայում, դրանց գները մեկ տարում աճել են համապատասխանաբար 19.8%, 17.7%, 34.3%, 46.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 3.1%, 2.7%, 7.4%, և 8.9%-ով:
Շաքարավազի շուկայի շուրջ 95%-ը վերահսկող մենաշնորհը շարունակում է անպատիժ իր գնային քաղաքականությունը, մասնավորապես՝ 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 14.1% գնաճ։
Անցած տարվա գյուղատնտեսության ոլորտի 1,1% անկումը, ինչպես նաև այս տարվա առաջին եռամսյակում գյուղմթերքի արտադրության ծավալների 5,6 տոկոս կրճատումը իր մեծ ազդեցությունն է թողել բանջարեղենի շուկայում։ Մասնավորապես՝ 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ բանջարեղենի գներն աճել են 48.8%-ով։Կանաչ սոխը թանկացել է 127,7%, կաղամբի գինը՝ 222,6%, կարտոֆիլինը՝ 89,5%, գազարինը՝ 97,6%, լոլիկինը՝ 27,9%-ով։
Խիստ մտահոգիչ է, որ պարարտանյութի գների մոտ 3 անգամ ավելացումը, ինչպես նաև դիզելային վառելիքի աննախադեպ՝ 41,5% գնաճը սնանկության եզրին ենկանգնեցրել հազարավոր գյուղացիական տնտեսություններ։
Միաժամանակ հանրապետությունում շարունակվող գնաճի վրա իր զգալի ազդեցություն է թողնում կոմունալ ծառայությունների սակագների աճը, մասնավորապես՝ 2022 թվականի հունվար 1-ից ջրի սակագինը բարձրացավ 20 դրամով կամ 11%-ով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը միջինում ավելացավ 4,7 դրամ կամ 8%-ով, իսկ արդեն ապրիլի 1-ից, ի հեճուկս ՀՀ կառավարության պնդումների, բնական գազի սակագինը թանկացավ մոտ 4 տոկոսով, որը նորը գնաճային ալիք կառաջացնի Հայաստանում։
Արամ Աճեմյան