Շարունակվել են 2021 թ. պետական բյուջեի հաշվետվության նախնական քննարկումները

2021 թ. նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:

111 մլրդ 731 մլն դրամի շրջանակում իրականացվել են տարածքային կառավարման ոլորտին՝ ներառյալ քաղաքային զարգացման հատվածին, միգրացիային, թափոններին ու պետական գույքին վերաբերող ծախսերը: Այստեղ կատարողականը կազմել է 95,5 տոկոս: Իրականացվել է 11 ծրագիր՝ 75 միջոցառումով: Ամենախոշորը եղել է «Տարածքային զարգացում» ծրագիրը: Այս ծրագրի կատարման համար նախատեսված է եղել հատկացնել 82 մլրդ 800 մլն, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 82 մլրդ: Կատարողականը կազմել է 98 տոկոս:

Հաշվետու տարում ՏԻՄ-երին հատկացվել է 64 մլրդ 597 մլն դրամ դոտացիա: Մարզերին տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի համար ի սկզբանե նախատեսված է եղել հատկացնել 13 մլրդ 752 մլն դրամ, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 12 մլրդ 310 մլն դրամ: «Պետական աջակցություն սահմանամերձ տարածքներին» ծրագրի իրականացման համար հատկացվել է 927 մլն դրամ: Կատարողականը կազմել է 90,6 տոկոս: Նախարարի խոսքով՝ այստեղ թերկատարում չկա. բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերն այդքան են կազմել: Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերի կատարողականները:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները՝ նշելով, որ Երեւանի փաստացի եկամուտը կազմել է 81 մլրդ 729 մլն դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 85 մլրդ 801 մլն դրամ: Կատարողականը կազմել է 95,3 տոկոս: Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի հարցին՝ քաղաքապետը հայտնել է, որ նախորդ տարի ձեռք է բերվել 8,6 մետրանոց 211 ավտոբուս: Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ առաջիկայում դրանց թիվը կավելանա. 1 ամիս առաջ պայմանագիր է կնքվել 12 մետրանոց 87 ավտոբուս գնելու նպատակով:

Այնուհետեւ մարզերի պատասխանատուները ներկայացրել են մարզերում իրականացված ծրագրերի կատարողականները:

Spread the love