Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվության բաժնից։

ՌԴ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է.

«Ողջունում եմ Ձեզ հարգելի Նիկոլ Վովայի,

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Առաջին հերթին թույլ տվեք Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում մեր առանձնահատուկ հարաբերությունները եղբայրական Հայաստանի հետ: Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առեւտրատնտեսական գործընկերը եւ ՀՀ տնտեսության ներդրողը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով եւ գերազանցել 890 մլն դոլարը: Կարծում եմ` դեռեւս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ եւս աճելու հնարավորություններ կան եւ ռուս ներդրողների համար կարեւոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում:

Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, եւ հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր արտադրությունների ստեղծմամբ, նպաստում ենք տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը` առաջին հերթին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման: Այս հարցերը գտնվում են մեր միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Կառավարության համապատասխան որոշմամբ` հանվել են ՀՀ քաղաքացիների` ցամաքային ճանապարհով ՌԴ մուտքի բոլոր սահմանափակումները: Մենք ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս զբոսաշրջային այցերի հոսքերը կվերականգնվեն եւ անգամ կավելանան: Սա, իմ կարծիքով, ունի շատ կարեւոր նշանակություն Հայաստանի եւ Ռուսաստանի բնակչության համար:

Մենք նաեւ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության համապատասխան: Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետների համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել նրա հերթական նիստը:

Իսկ այսօր մեր հանդիպումն ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, Ռուսաստանը եւ Հայաստանը հանդես են գալիս եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման օգտին չորս ազատությունների հիման վրա` կապիտալի, աշխատուժի, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժի: Միության շրջանակում մենք ձեռնարկում ենք համատեղ քայլեր` ոչ բարեկամ պետությունների սանկցիաների ազդեցության նվազեցման նպատակով, մեր որոշումները նպաստում են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունացմանը:

Առաջարկում եմ բոլոր կետերով անցնել, հարգելի Նիկոլ Վովայի»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, մենք հանդիպում ենք պարբերաբար:

Ես նույնպես ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում` իմ պաշտոնական այցի շրջանակում: Ցանկանում եմ ընդգծել, որ այն եղել է շատ արդյունավետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ արագ եք արձագանքել եւ արձագանքում այն բոլոր հարցերին, որոնք պետք է լուծել, որպեսզի պահպանվի մեր առեւտրատնտեսական հարաբերությունների բարձր տեմպը:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն որոշումները, որոնք Դուք ընդունել եք Վերին Լարսի անցակետի հետ կապված: Գիտեք, որ ցավոք դեռեւս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ եւ շատ կարեւոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք եւ որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաեւ մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների:

Այս համատեքստում, նաեւ շատ կարեւոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը եւ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարեւոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն:

Մենք այսօր կքննարկենք ոչ միայն երկկողմ օրակարգի հարցերը: Եվրասիական տնտեսական միության օրակարգը եւս շատ կարեւոր է մեզ համար: Դուք ճիշտ նկատեցիք, որ եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը դառնա առավել արդյունավետ ֆորմատ: Իհարկե, մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, սակայն միշտ կա արդյունավետությունը բարձրացնելու տեղ:

Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել, հույս ունեմ այսօր կունենանք բովանդակալից զրույց»:

Spread the love