Մայիսին Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 9,5 մլրդ դոլարը

2020 թվականի տնտեսական ճգնաժամից հետո ՀՀ կառավարությունը շարունակաբար ավելացնում է Հայաստանի պետական պարտքը՝ հասցնելով 9,5 մլրդ դոլարի։ Գործնական խնդիրը պարտքի մեջ չէ, այլ՝ դրա ծախսման արդյունավետության մեջ, որը խիստ մտահոգիչ է։ Մասնավորապես՝ միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Այսինքն՝ կտրուկ խզում է առաջացել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։

Փաստացի գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում(2018 թվականի ապրիլից հաշված) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 2,7 մլրդ դոլարով կամ 39,3 տոկոսով։

Հարկ է նշել նաև, որ միայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀպետական պարտքը ավելացել է 354,7 մլն դոլարով կամ 3,5 տոկոսով։Ընդ որում, պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես՝2022 թվականի 5 ամիսների ընթացքումներքին պարտքն ավելացել է 132,6 մլրդ դրամով կամ 10,7 տոկոսով, իսկ արտաքին պարտքը նվազել է 162,9 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով։Տեղին է հիշեցնել, որ ներքին պարտքին սպասարկումը պետական բյուջեի համար ավել ծախսատար է, քան արտաքինը, քանի որ պետական պարտատոմսերի համար վճարվող տոկոսադրույքները հիմնականում գերազանցում են 10 տոկոսը։

Արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել, ինչի հետևանքով փոփոխվել են ՀՀ պետական պարտքի կազմն ու կառուցվածքը, մասնավորապես՝ 2022 թվականի մայիսին Հայաստանի պետական պարտքի 62,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 37,1 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականիդեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը։

Այլ հավասար պայմաններում ներքին պարտքի աճն իր բացասական ազդեցություն է թողնում երկրի ներդրումների ծավալի վրա, քանի որ պետությունը,ներքին շուկայիցբարձր տոկոսներով հավաքելով գումարները, ապախթանում է տնտեսական ակտիվությունը։ Փաստացի ստացվում է, որ փող ունեցողին ձեռնտու է պետության պարտքով փող տալ, քան թե դա ներդնել տնտեսական ռիսկային նախագծերում։

Մեկ այլ ուշագրավ փաստ․ ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6 տոկոսով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով  կամ 23.2 տոկոսով: Նույնիսկ պետական պաշտոնյաները չեն թաքցնում, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է ի հաշիվ աննախադեպ բարձր գնաճի։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ 2022 թվականի ընթացքում պետությունը տնտեսությունից մի կողմից հարկերի, մյուս կողմից ներքին պարտքի ավելացման հաշվին հավաքագրում է մեծ գումարներ՝ ապախթանելով տնտեսական ակտիվությունը։

Արամ Աճեմյան

Spread the love