Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում. Հայկ Խանումյան

Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, «Արմենպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթեւեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է եւ մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթեւեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- ասել է Խանումյանը։

Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Հայկ Խանումյանը հավելել է, որ շարունակվում է նաեւ ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասել է նա։

Spread the love