Ամռանը ցորենի, եգիպտացորենի եւ այլ հումքային ապրանքների գները, որոնք կազմում են աշխարհի պարենային մատակարարումների մեծ մասի հիմքը, կտրուկ նվազել են, հաղորդում է AP-ն:
Սա երկար սպասված ազդանշան է սպառողների համար, որոնք բախվում են պարենային ապրանքների բարձր վճարների եւ ներդրողների հետ, որոնք հուսով են, որ գնաճը կթուլացնի իր ազդեցությունն ընդհանուր առմամբ տնտեսության վրա: Գարնանից ցորենի գները նվազել են մոտ 40 տոկոսով, իսկ եգիպտացորենինը՝ մոտ 25 տոկոսով:
«Դա պետք է օգնի, հարցը միայն այն է, թե որքան կտեւի», ասել է Globalt Investments-ի ավագ պորտֆելային մենեջեր Թոմ Մարտինը: «Աճի դանդաղմանը զուգընթաց, իսկ տնտեսությունը ընդհանուր առմամբ կարծես թե դանդաղում է, գնաճային ճնշումը նվազում է»:
Սննդամթերքների եւ էներգակիրների գների կտրուկ աճն այս տարի ամենաբարձր գնաճն է առաջացրել վերջին չորս տասնամյակի ընթացքում։ Կայուն պահանջարկը, սահմանափակ առաջարկների համադրությամբ, սկիզբ են դրել ինֆլյացիայի աճին: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խորացրել է դրությունը, քանի որ այն հանգեցրել է ցորենի եւ գյուղատնտեսական այլ մշակաբույսերի, ինչպես նաեւ նավթի եւ բնական գազի արտադրության ու արտահանման դադարեցմանը։
Գներն այժմ ընկնում են, քանի որ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում առաջարկն ու պահանջարկը սկսում են հավասարվել: Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել հացահատիկի արտահանման շուրջ, ինչը կօգնի էլ ավելի նվազեցնել աշխարհում մատակարարումների պակասը։ Ուկրաինան արտահանում է համաշխարհային ցորենի եւ եգիպտացորենի մոտ 10 տոկոսը։
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունն այս տարի ցորենի արտադրության աճ է կանխատեսում եւ սոյայի բերքի ռեկորդային աճի հնարավորություն։
Հումքային ապրանքների գների անկումը կարող է օգնել նաեւ սննդամթերքի խոշոր արտադրողներին, որոնք բախվում են այնպիսի մթերքների արտադրության ծախսերի աճին, ինչպիսիք են ձավարեղենն ու այլ փաթեթավորված մթերքները: Ե՛վ Conagra-ն, եւ՛ Mondelez-ը վերջին մի քանի եռամսյակների ընթացքում շահույթի անկում են դիտարկել:
Ներդրողները ուշադիր հետեւում են հումքային ապրանքների գների անկմանը` փորձելով որոշել գնաճի հետագա ուղին եւ այն, թե կմեղմացնի արդյոք Դաշնային պահուստային համակարգը իր տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացումը:
ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվել է 2022-ի առաջին կեսում, սակայն սպառողական ծախսերը մնում են բարձր, իսկ գործազրկությունը գտնվում է ռեկորդային ցածր մակարդակում։
ԴՊՀ-ն հասկացրել է, որ մտադիր է շարունակել բարձրացնել տոկոսադրույքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ գնաճը սկսում է սառչել: Ուոլ Սթրիթը հուսով է, որ հումքային ապրանքների գների կայուն անկումը` էներգակիրներից մինչեւ սննդամթերքներ, կհանգեցնի նրան, որ գնաճը կհասնի իր գագաթնակետին եւ կսկսի սառչել: