ԿԲ-ները չեն կարողանա սանձել գնաճն առանց ավելի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության․ հետազոտություն

Կենտրոնական բանկերը չեն կարողանա վերահսկել գնաճը եւ նույնիսկ կարող են արագացնել գների աճը, եթե կառավարությունները չսկսեն իրենց դերը խաղալ ավելի խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ, ասվում է հետազոտության մեջ, որը ներկայացվել է քաղաքականություն մշակողներին Ջեքսոն Հոլում կայացած համաժողովում, հաղորդում է Reuters-ը:

COVID-19 համավարակի ժամանակ ամբողջ աշխարհի կառավարությունները բացել են իրենց դրամարկղները, որպեսզի աջակցեն տնտեսությանը, սակայն այդ ջանքերն օգնել են բարձրացնել գնաճը մինչեւ ամենաբարձր մակարդակը վերջին գրեթե կես դարում՝ բարձրացնելով գների արագ աճի ռիսկը:

Կենտրոնական բանկերն այժմ բարձրացնում են տոկոսադրույքները, սակայն շաբաթ օրը Ջեքսոն Հոլում կայացած տնտեսական սիմպոզիումի ժամանակ ներկայացված նոր հետազոտությունը պնդում է, որ գնաճի դեմ պայքարի հարցում կենտրոնական բանկի համբավը որոշիչ չէ նման սցենարում:

«Եթե դրամավարկային քաղաքականության խստացումը չի ապահովվում համապատասխան հարկաբյուջետային ճշգրտումների ակնկալիքով, հարկաբյուջետային անհավասարակշռության վատթարացումը հանգեցնում է էլ ավելի մեծ գնաճային ճնշման»,- ասել են Ջոն Հոփկինսի համալսարանից Ֆրանչեսկո Բիանկին եւ Չիկագոյի ԴՊՀ-ից Լեոնարդո Մելոսին:

Այս ֆինանսական տարում ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կկազմի 1 տրիլիոն դոլարից մի փոքր ավելի եւ շատ ավելի փոքր կլինի, քան նախկինում կանխատեսվում էր, բայց կազմելով ՀՆԱ-ի 3,9 տոկոսը՝ այն մնում է պատմականորեն բարձր, եւ, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի միայն փոքր-ինչ կնվազի:

Եվրոգոտին, որը նույնպես պայքարում է բարձր գնաճի դեմ, հավանաբար կգնա նմանատիպ ճանապարհով, եւ նրա դեֆիցիտն այս տարի կհասնի 3,8 տոկոսի ու երկար տարիներ բարձր կմնա, հատկապես, քանի որ դաշինքը, ամենայն հավանականությամբ, կտուժի ռեցեսիայից, որը կսկսվի չորրորդ եռամսյակից:

Հետազոտությունը պնդում է, որ ԱՄՆ-ի գնաճի վերջին աճի մոտավորապես կեսը պայմանավորված էր հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ հավատի թուլացմամբ, որ կառավարությունը խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն կվարի:

Թեեւ որոշ կենտրոնական բանկեր քննադատության են ենթարկվել գնաճի խնդիրը շատ ուշ ճանաչելու համար, ուսումնասիրությունը պնդում է, որ տոկոսադրույքների նույնիսկ ավելի վաղ բարձրացումը անարդյունք կլիներ:

Գնաճը վերահսկելու համար հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է աշխատի դրամավարկային քաղաքականությանը զուգահեռ եւ համոզի մարդկանց, որ պարտքը ուռճացնելու փոխարեն կառավարությունը կբարձրացնի հարկերը կամ կկրճատի ծախսերը:

Spread the love