Մենք կարողություններ ենք ծախսում կնճիռների եւ ճերմակ մազերի դեմ պայքարելու համար:
Մեր աղիները նույնպես ծերանում են, բայց մենք չենք մտածում այդ մասին, քանի դեռ ախտանիները չեն սկսում դրսեւորվել ամենածանր ձեւով, Daily Mail-ի համար հոդվածում գրել է բժիշկ Մեգան Ռոսին:
Մասնագետի խոսքով, իր մատնանշած ախտանիշների դասական օրինակ է դիվերտիկուլյար հիվանդությունը։
Դիվերտիկուլյար հիվանդությունը սկսվում է աղիներում թույլ տեղից՝ սովորաբար հաստ աղիքի ստորին մասից, որը կոչվում է սիգմայաձեւ աղիք: Այն մղվում է դեպի դուրս՝ ձեւավորելով սիսեռի չափ նեղ անցքով փոքրիկ պարկ։ Այս պարկը կամ «գրպանը» հայտնի է որպես դիվերտիկուլ:
Մարդկանց մեծ մասի՝ գրեթե 70 տոկոսի մոտ մինչեւ 80 տարեկանը զարգանում է առնվազն մեկ դիվերտիկուլ՝ թուլացած աղիքների պատճառով:
Դիվերտիկուլյոզով մարդկանց մինչեւ 20 տոկոսի մոտ առաջանում են խնդիրներ՝ սկսած փքվածությունից, կղանքի բնույթի փոփոխությունից եւ ցնցումներից մինչեւ ծանր ախտանիշներ, ներառյալ ծակող ցավերը, սրտխառնոցը եւ փսխումը:
Դեպքերի չնչին՝ 5 տոկոս դեպքում դիվերտիկուլյոզով հիվանդների մոտ «գրպանները» բորբոքվում են։
Սա առաջացնում է որովայնի սուր ցավ, լուծ եւ տենդ, իսկ ծանր դեպքերում՝ աղիքային պատի թարախակույտ կամ պատռվածք՝ հետանցքային արյունահոսության ախտանիշներով (նշան, որ «գրպաններից» մեկը պայթել է՝ արյունատար անոթ պատռելով):
Այս վիճակի ստանդարտ բուժումը, որը հայտնի է որպես դիվերտիկուլիտ, հակաբիոտիկների կուրսն է, քանի որ բորբոքում հաճախ առաջացնում են մանրէները, որոնք բնակեցնում եւ գրգռում են «գրպանները», նշում է բժիշկը:
Հավանաբար դուք լսել եք, որ դիվերտիկուլները սննդակարգում բջջանյութի պակասի նշան են՝ գաղափարն այն է, որ պինդ կղանքն է առաջացնում «գրպանների» ձեւավորում:
Բջջանյութի պակասը դիվերտիկուլյոզ առաջացնող բարդ գործոնների միայն մեկ բաղադրիչն է, ներառյալ կենսակերպը, գենետիկան եւ աղիքային բակտերիաները:
Փորկապությունը, բորբոքումը (կապված ծխելու եւ ավելորդ քաշի հետ) եւ 2-րդ տիպի շաքարախտը նույնպես ռիսկի գործոններ են այս «գրպանների» առաջացման համար, ինչը կարող է բացատրել, թե ինչու ենք մենք ավելի ու ավելի շատ երիտասարդների տեսնում դիվերտիկուլյոզով, եզրափակել է բժիշկ Ռոսին: