Որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ․ Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կալանավայրից պարզաբանումներ է ներկայացրել իր անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Տեսակցությունների ընթացքում փաստաբանիցս տեղեկացա, որ իմ անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել են տեսանյութեր։ Քանի որ ավելի վաղ հնարավորություն չեմ ունեցել տեղեկացված լինելու այդ մասին, այս պահին արդեն, ունենալով ենթադրյալ դեպքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր, կրկին հայտնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ և հանրության շրջանում ձևավորված թյուր պատկերացումները պարզաբանելու համար հայտնում եմ հետևյալը.

1) 2022 թ. օգոստոսի 5-ին ես տեղափոխվել եմ ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ ինձ մի քանի ժամ պահելուց հետո տեղեկացրել են, որ մի քանի օրից ինչ-որ այլ քրեական գործի շրջանակներում ես հրավիրվելու եմ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Քննիչ Մխիթար Աբդոյանի հետ կապ հաստատելուց և իմ ներկայանալու օրն ու ժամը պարզելուց հետո, հարցաքննվելու համար 08.08.2022 թ. ես փաստաբանիս հետ ներկայացել եմ նրա աշխատասենյակ, սակայն քննիչը հայտնել է, որ այլ կարևոր գործերով ստիպված է դուրս գալ աշխատավայրից: Միաժամանակ տեղում մեզ է հանձնել ծանուցագիր՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 15:00-ին, կրկին իր աշխատասենյակ ներկայանալու համար: Պայմանավորված օրը և ժամին, երբ իմ փաստաբան Սերգեյ Ոսկանյանն արդեն իսկ գտնվել է քննչական կոմիտեի շենքի դիմաց և սպասել է ինձ, ոստիկանության ծառայողները, քաջատեղյակ լինելով, որ ես շարժվում եմ դեպի քննչական կոմիտեի շենք, Երևան քաղաքում, քննչական կոմիտե հասնելու ճանապարհին, ճանապարհային ոստիկանության ծառայողների միջոցով կանգնեցնում են ինձ տեղափոխող ավտոմեքենան այն պատճառաբանությամբ, թե իբր ամրագոտին ամրակապված չէ: Նույն պահին դիմակավորված մի խումբ ոստիկանության ծառայողներ, մի շարք տեսախցիկների ուղեկցությամբ, օրվա իշխանությունների որդեգրած հատուկ գործելաոճով, ուժ գործադրելով ինձ պառկեցնում են գետնին, ձերբակալում և տեղափոխում քննչական կոմիտեի շենք: Միայն ձերբակալման պահին ես տեղեկանում եմ, որ կասկածվում եմ իբր թե առևանգում կատարելու մեջ:

2) Սկսեմ նրանից, որ որոշ տեղեկությունների ողջամիտ վերլուծության արդյունքում հարց է առաջանում՝ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգե՞լ են, թե՞՝ ոչ: Հարց է նաև, թե իրականում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է գտնվել 83-ամյա ծերունին ենթադրյալ առևանգման վերաբերյալ հանրությանը ներկայացվող ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ենթադրյալ առևանգման դեպքին նույն ժամանակահատվածում իմ հնարավոր մասնակցությանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած գիտակից մարդու համար էլ ակնհայտ է, որ խիստ անտրամաբանական կլիներ, որ ես ինչ-որ մեկին առևանգեի իմ կողմից շահագործվող և իմ աներոջը պատկանող ավտոմեքենայով: Բացի այդ, անտրամաբանական կլիներ նաև անձին առևանգելը և պահելը հյուրատանը, այն էլ այն հյուրատանը, որն իմ կողմից վարձակալվել է միայն ենթադրյալ առևանգումը փաստացի կատարվելուց հետո: Անտրամաբանական կլիներ նաև այն, որ ես, իբր թե հանդիսանալով առևանգման կազմակերպիչ կամ կատարող, անձամբ վարձեի այդ հյուրատունը, անձամբ հանդիպեի ու խոսեի այդ հյուրատան տիրուհու հետ, անձամբ խոսեի տանտիրուհու հարևանուհու հետ, անձամբ իմ անունով գումար փոխանցեի տանտիրուհու հաշվեհամարին: Բացի այդ, միանշանակ անտրամաբանական կլիներ նաև առևանգվածին իմ ընկերոջ ավտոմեքենայով վերադարձնելը:

3) Ըստ Խաչիկ Քոքոբելյանի հայտնած տվյալների և այդ առթիվ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստված տեսանյութերի՝ ծերունուն ազատ արձակելու դիմաց պահանջվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, սակայն միայն 40.000 ԱՄՆ դոլար ստանալուց հետո վերջինս ազատ է արձակվել: Ընդ որում, ինչպես տեսանյութում ներկայացրել է քննչական խմբի ղեկավարը, սկզբից փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլարը, իսկ ծերունու ազատ արձակվելուց հետո՝ ևս 20.000 ԱՄՆ դոլար: Նույնիսկ բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ հասկանալու համար ներկայացվածի աբսուրդի աստիճանը, քանի որ առևանգվածի ազատ արձակվելուց հետո ևս ինչ-որ չափի գումար փոխանցելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդ քայլը մեղմ ասած, զուրկ է տրամաբանությունից:

4) Նշեմ նաև, որ տարածված տեսանյութերում երևացող ավտոմեքենաները իսկապես շահագործվել են իմ կողմից: Տեսանյութերում դրանք երթևեկում են ինչ-որ ճանապարհով, սակայն բնականաբար որևէ տեսանյութով չի երևում և չէր էլ կարող երևալ այնպիսի որևէ փաստ, որը կարող էր հիմնավորել, թե ես որևէ անձի առևանգել եմ կամ տեղափոխել եմ այդ ավտոմեքենաներով: Կարծում եմ բոլորն են համոզված, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր ավտոմեքենայի շարժ կարող է վերահսկվել ոստիկանության կողմից տեղադրված տեսախցիկներով և այն ներկայացվել որպես հանցագործության գործիք կամ միջոց:

5) Գործով ներկայացված և մինչ այժմ «պարզված» հանգամանքները ուսումնասիրելիս ինձ հայտնի է դարձել, որ իբր թե իմ դեմ ցուցմունք են տվել որոշ անձինք, ովքեր ինձ մատնանշել են որպես անմիջապես հանցանք կատարող անձի: Այս առումով հարկ եմ համարում նշել, որ իմ դեմ ցուցմունք են տվել այնպիսի անձինք, որոնք սկսած դեռևս 2000-ական թվականներից, մշտապես ակտիվ համագործակցության մեջ են գտնվել ոստիկանության և քննչական մարմինների հետ, ովքեր տարբեր քրեական գործերով ներգրավված են եղել վարույթներին իբրև ընթերակա կամ վկա, և որոնց ցուցմունքներով մշտապես «հաստատվել են» գործով պարզման ենթակա այս կամ այն հանգամանքները: Հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այս դեպքում նշված անձանց կողմից տրված ցուցմունքները չի կարելի համարել իմ դեմ տրված, քանի որ վերջիններս ուղղակի ճանաչել և մատնանշել են ինձ որպես Սուրեն Մանուկյան քաղաքացի, այլ ոչ թե որպես առևանգում կատարող անձ: Այս տրամաբանությամբ այսպես կոչված իմ դեմ ցուցմունք տված անձինք կարող էին լինել ոչ թե մեկ կամ երկու հոգի, այլ միգուցե տասնյակ հազարներով։ Խոսքը վերաբերում է այն տեսանյութին, որտեղ ես ընդամենը մուտք եմ գործում հանրախանութ գնումներ կատարելու նպատակով: Նույնիսկ այս անմիտ և ոչինչ չասող տեսանյութն է փաստորեն դրվել շրջանառության մեջ, դրվել նաև կալանքի հիմքում և դրանով իսկ փորձ է արվում հանրությանը ներկայացնել իմ անձը՝ որպես առևանգում կատարողի կամ կազմակերպողի և այդ փաստը մատուցվում է հանրությանը որպես բացարձակ ճշմարտություն։ Վերը նշվածները վերլուծելով՝ մնում է ընդամենը ողջամիտ ենթադրություն անել այն մասին, որ իշխանությունը չի փոխում իր ձեռագիրը՝ փորձելով տարբեր տեսակի ճնշումներ կիրառելու և մարդկանց վրա ազդելու միջոցով ստիպել ինչ-որ անձանց, որպեսզի վերջիններս իմ դեմ ցուցմունք տան:

6) Իմ ձերբակալվելուց անմիջապես հետո նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվում լրատվամիջոցներով: Մասնավորապես ձերբակալվելուց ընդամենը րոպեներ անց Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ իր հոր առևանգման դեպքով ձերբակալվել եմ ես, որից անմիջապես հետո տարբեր լրատվամիջոցներ տարածելով Խ. Քոքոբելյանի խոսքերը, միանգամից տալիս են մեղադրական բնույթի որակումներ: Միաժամանակ Խ. Քոքոբելյանը հայտարարում է, որ նշված տեղեկություններն իրեն փոխանցել են իշխանական բարձրաստիճան իր մտերիմ պաշտոնյաները: Սա ևս մեկ խոսուն փաստ է այն մասին, որ վերջիններս միմյանց հետ գործում են համաձայնեցված և միասնական՝ ինձ այս ամենի մեջ ներքաշելու և ինձ որպես առևանգում կազմակերպած անձ հանրությանը ներկայացնելու դիտավորությամբ: Խ. Քոքոբելյանի և իշխանության սերտ կապի մասին է վկայում նաև մամուլում հրապարակված տեղեկատվությունը՝ Խ. Քոքոբելյանի կողմից չնչին գնով և հարյուրավոր միլիոնների եկամուտ ապահովող ՀԷԿ-ի ձեռբքերումը, ինչպես նաև Քոքոբելյանին պատկանող մի շարք ընկերությունների ղեկավարումը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հարազատ եղբորը հանձնելը:

7) Ինչևէ, վստահ եմ, որ շուտով կպարզվի ողջ իրականությունը: Առաջիկայում, օգտագործելով իմ բոլոր հնարավորությունները, հանրության համար հասանելի կդարձնեմ, թե իրականում ինչն էր այս կազմակերպված շոուի նպատակը, թե ինչ գին ուներ այս ժամանակահատվածում ինձ ազատությունից ապօրինի զրկելը և ինչպես ընտանիքիս անդամների, այնպես էլ լրատվամիջոցների հետ տեսակցություններս սահմանափակելը, ինչպես նաև այս շինծու գործում առկա բոլոր կեղծիքները և մանիպուլյացիաները։

Հարգանքով՝ Սուրեն Մանուկյան»։

Spread the love